Լեհաստանի վարչապետը 2010 թ.-ին պաշտոնական այց կունենա Հայաստան

12.02.2010, 10:49
Լեհաստանի վարչապետը 2010 թ.-ին պաշտոնական այց կունենա Հայաստան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը 2010 թ.-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում, այս մասին նշվել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանի և Լեհաստանի Սեյմի պատգամավորների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ղազինյանը Վարշավայում է գտնվում՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Լեհաստանի Սեյմի և Սենատի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամները գոհունակությամբ նշել են, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի 2010թ. Հայաստան կատարելիք այցը լուրջ խթան կլինի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, լեհ և հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:

 

Լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը մանրամասնորեն ներկայացրել է անցած ժամանակաշրջանում խմբի կատարած աշխատանքները` կարևորելով Հայաստանի խորհրդարանի հայ-լեհական պատգամավորական խմբի հրավերով մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի նշանակությունը:

 

Կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Լեհաստանի պատվիրակությունների միջև համագործակցության սերտացման կարևորությունը:

 

Փոխնախարար Ղազինյանը պատասխանել է լեհ պատգամավորների հարցերին` պարզաբանելով հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Լեհաստանի Սեյմում տեղի է ունեցել նաև հանդիպում ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Տոմաշ Լենզի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկել են ԱԳ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր: -0-