ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացվել է հանրահայտ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը

29.01.2010, 18:51
ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացվել է հանրահայտ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը
ՅՈՒՆԵՍԿՕ-ում բացվել է հանրահայտ հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ցուցահանդեսը

Հունվարի 28-ին հայազգի կանադացի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի աշխատանքների ցուցահանդեսը բացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի տանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրանսուազ Ռիվիերի մասնակցությամբ:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ և նշանավոր անհատներ:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյան հաստատության Հայկական ծառայությունների բաժնի (Պորտուգալիա), ՀԲԸՄ Եվրոպական գրասենյակի և Քվեբեկի (Կանադա) Արվեստի և գրականության խորհրդի հովանավորությամբ, տևելու է հունվարի 28-ից մինչև փետրվարի 11-ը:

Արտո Չաքմաքչյանը ժամանակակից հայ կերպարվեստի կարկառուն դեմքերից է, միջազգային համբավի տեր արվեստագետ, Կանադայի Գեղարվեստի Թագավորական ակադեմիայի անդամ:

Նա ծնվել է Կահիրեում, ապրել և ստեղծագործել Հայաստանում և 1975թ. ի վեր հաստատվել Կանադայում: Նա մաս է կազմում 20-րդ դարի 60-70-ական թվականների գրողների, երաժիշտների, նկարիչների այն փառահեղ սերնդի, որոնք նոր խոսք ասացին արվեստում և նպաստեցին հայ ժողովրդի հոգևոր վերելքին և ինքնագիտակցության զարթոնքին:

 

Նրա գործերը զետեղված են աշխարհի շատ թանգարաններում և քաղաքներում:-0-