ՀՀ նախագահը պագևատրել է մի շարք զինծառայողների Հայկական բանակի օրվա կապակցությամբ

28.01.2010, 15:55
ՀՀ նախագահը պագևատրել է մի շարք զինծառայողների Հայկական բանակի օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի նախագահական նստավայրում պագևատրել է մի շարք զինծառայողների Հայկական բանակի օրվա կապակցությամբ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարարներ Վազգեն Մանուկյանն ու Միքայել Հարությունյանը:  

«Այս պարգևներով մեր երկիրն ու ժողովուրդը արտահայտում են իրենց վերաբերմունքը այն մարդկանց հանդեպ, որոնք ինքնամոռաց ծառայում են Հայաստանին, որոնք կամավոր կերպով իրենց կյանքը նվիրել են խաղաղության պահպանմանը»,- հայտարարեց նախագահը պարգևատրելիս:

Նա հավելեց, որ պարգևատրված զինծառայողների հաջողությունների շնորհիվ Հայաստանն ավելի ուժեղ է դառնում ինչպես հոգեբանորեն, այնպես էլ քաղաքականապես:

ՀՀ նախագահի՝ երկուշաբթի ստորագրած հրամանագրով հերթական ռազմական կոչումներն են շնորհվել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Լեոնիդ Մարտիրոսովին և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, իսկ մի շարք սպաների ու ազատամարտիկների առաջին և երկրորդ աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներ են շնորհվել: 

Հայաստանում հինգշաբթի նշվում է Հայկական բանակի հիմնադրման 18-ամյակը, ինչը սերտորեն կապված է հայկական անկախ պետության կայացման հետ: Հայկական բանակի շնորհիվ հաջողվեց պաշտպանել Արցախի անկախությունն ու անսասան պահել Հայաստանի սահմանները:

Հայկական բանակի ստեղծման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ Հայաստանը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին», և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը։ -0-