ԵԽԽՎ հայկական պատվիրակության մանդատները հաստատվել են

26.01.2010, 17:12
ԵԽԽՎ հայկական պատվիրակության մանդատները հաստատվել են

ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովը երեքշաբթի որոշում է ընդունել հայկական պատվիրակության մանդատները հաստատելու մասին:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱԺ հասարակայնույան հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (հրավիրյալի կարգավիճակով) և վերոնշյալ հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:

ԵԽԽՎ հանձնաժողովը զբաղվել է այս հարցի քննությամբ այն բանից հետո, երբ հայկական մանդատների հաստատումը վիճարկվել էր Եվրոպայի Ժողովրդական կուսակցության բյուրոյի կողմից            ՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական կազմից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին հանելու կապակցությամբ: Փոստանջյանի փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվել էր «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունից պատգամավոր Արծրունի Աղաջանյանը, ինչը առաջ էր բերել ընդդիմադիր խմբակցության դժգոհությունը:   

Քննարկման ընթացքում ԵԽԽՎ հանձնաժողովը անդրադարձել է ներկայացված առարկություններին այն հարցի վերաբերյալ, որ հայկական պատվիրակությունը ձևավորվել է խախտումներով, բայց դրանք հաշվի չի առել որոշումը կայացնելիս:

Քննարկումների հիման վրա հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի հայկական պատվիրակության մանդատները հաստատվել են: -0-