Հայ-թուրքական բարելավումը բխում է Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ շահերից. պատգամավոր

26.01.2010, 15:39
Հայ-թուրքական բարելավումը բխում է Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ շահերից. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է Հայաստանի և Թուրքիայի փոխադարձ շահերից, կարծում է Հայաստանի Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

«Այնուամենայնիվ, Թուրքիան փորձում է հնարավորինս մեծ շահ ստանալ այս գործընթացից իր համար, ձգտում է իր ձեռքը վերցնել լրացուցիչ խաղաքարտեր»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Պատգամավորի խոսքերով՝ թեև Թուրքիան մշտապես խոսում է հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման շաղկապման մասին, միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել է, որ խոսակցություններն այդ մասին անիմաստ են։

«Պաշտոնական Մոսկվան նույնպես վերջերս ընդգծեց, որ այս երկու խնդիրները բավականին մասշտաբային են, և ավելի նպատակահարմար է դրանք առանձին լուծել»,- նշեց Դավթյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ վերջիվերջո թուրքական խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դժվարացավ ժամկետներ նշել։

«Կարծում եմ, որ ժամանակն է դինամիկություն հաղորդել այս գործընթացին»,- ավելացրեց պատգամավորը։ --0--