ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անհեթեթ է համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին թուրքական կողմի հայտարարությունները:
«Թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է արձանագրությունների հիմնական նորմերին ու նպատակներին, որ արձանագրություններում փոփոխություններ են արվել, իսկ Հայաստանը հետևողական չէ իր պարտավորությունների կատարման հարցում, պարզապես անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:
Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։
Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին նախազգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չվերանայի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայիում երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը:
Նախարարը հավաստիացրեց, որ Հայաստանը հավատարիմ է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների տառին և ոգուն և պատրաստ է շարունակել դրանց իրագործմանն ուղղված գործունեությունը:
«Հայաստանը հետևողական է լինելու առանց ձգձգումների արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված իր պարտավորությունների կատարմանը և Թուրքիայի կողմից ևս նմատանիպ գործողություններ հույս ունի», - ասաց Նալբանդյանը:
Նա նշեց, որ Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացն ընթանում է բնականոն հունով, այն դեպքում, երբ Թուրքիայում փաստաթղթերը խորհրդարան ներկայացնելուց հետո գործընթացը գործնականում կանգ է առել:
«Հայաստանը շարունակում է գործել բնականոն հունով, ինչի մասին խոսում է նաև ՍԴ-ի որոշումը, որն ընդունվել է սահմանված ժամկետից մեկ ամիս շուտ», - ասաց նախարարը:
Նրա կարծիքով՝ Թուրքիան փնտրում է արհեստական և մտացածին առիթներ և արձանագրությունները չվավերացնելու դեպքում կփորձի մեղքը բարդել Հայաստանի վրա:
«Չեմ կարծում, որ նման դիրքորոշումն աջակցություն կգտնի համաշխարհային հանրության շրջանում, և չեմ կարծում, որ որևէ մեկը Թուրքիայի սահմաններից դուրս, նաև հենց Թուրքիայում, հավատում է այդ մտացածին պնդումներին», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:-0-