ՀՀ փոխվարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ

22.01.2010, 11:22
ՀՀ փոխվարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ
ՀՀ փոխվարչապետը համագործակցության հարցեր է քննարկել ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասինիի  (Sheikha Lubna bint Khalid Al Qasini) հետ։

Հանդիպման ընթացքում Գևորգյանը ներկայացրել է ԱՄԷ կատարած այցի արդյունքները՝ երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև «Masdar» («Ապագայի էներգիայի ընկերություն»), «Mubadala» ընկերությունների, «Աբու Դաբի» զարգացման հիմնադրամի ղեկավարների հետ: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Հայաստանի նկատմամբ ԱՄԷ-ի բարիդրացիական վերաբերմունքի ձևավորման գործում ունեցած ավանդի համար:

Զրույցի ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ծրագրեր, մասնավորապես, գյուղատնտեսության և էներգետիայի ոլորտներում:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների ձեռներեցների միջև համագործակցության ակտիվացմանն ու բիզնես-ֆորումների և հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ Հայաստանի պատվիրակություններն ակտիվորեն կմասնակցեն ԱՄԷ¬ում կազմակերպվող ցուցահանդեսներին և միջազգային համաժողովներին, այդ թվում՝ գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաև տուրիստական ինդուստրիայի ամենամյա խոշորագույն ցուցահանդեսներին։

ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասինին իր հերթին նշել է, որ էմիրաթական կողմը կարևորում է ներդրումների համար տրվող արտոնությունները և օրենսդրական դաշտի համապատասխանությունը միջազգային պահանջներին։

Գևորգյանը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է օտարերկրյա յուրաքանչյուր ներդրում, և դրա համար ստեղծված է միջազգային պահանջներին համապատասխան օրենսդրական դաշտ։

Նա հավաստիացրել է, որ արտասահմանյան ներդրումները մշտապես համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են։-0-