ՌԴ և ՀՀ նախագահները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

19.01.2010, 10:33
ՌԴ և ՀՀ նախագահները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել
ՌԴ և ՀՀ նախագահները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ երկուշաբթի քննարկել է  երկկողմ համագործակցության բոլոր հարցերը, մասնավորապես, առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-մարդասիրական ոլորտների, տեղեկացրել է  Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն։

Նա նշել է, որ հանդիպումն ընթացել է ավանդական բարեկամական և կառուցողական մթնոլորտում։

«Մեդվեդևն ու Սարգսյանը նաև մտքեր են փոխանակել միջազգային խնդիրների, ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության, ղարաբաղյան կարգավորման հարցերի շուրջ»,- ավելացրել է Պրիխոդկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Երկու նախագահի հանդիպումն առաջինն է 2010 թվականին։ Հայաստանի նախագահը նաև նոր տարում Ռուսաստանն այցելած առաջին օտարերկրյա առաջնորդն է։

Ավելի վաղ Կրեմլում ուշադրություն են դարձրել նրան, որ ռուս-հայկական երկխոսության առանձնահատկությունը միշտ եղել է շփումների ակտիվությունն ու վստահելիությունը բոլոր մակարդակներով։ -0-