Հայ խաղաղապահները կմեկնեն Գերմանիա՝ Աֆղանստանում առաքելությանը նախապատրաստվելու համար

Երևանում շաբաթ օրը տեղի է ունեցել հայ խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, ովքեր առաքելություն են իրականացնելու Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) շրջանակներում:
Մինչ փետրվարին Աֆղանստան մեկնելը հայկական համակազմը երեքշաբաթյա նախապատրաստում կանցնի Գերմանիայում:
«Մենք չենք կարող չմասնակցել միջոցառումներին, որոնք ուղղված են միջազգային կայունության և անվտանգության հաստատմանը, որոնք պահանջում են համընդհանուր ջանքեր: Այս ամենը բխում է Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններից և հեռանկարներից, ինչպես նաև հիմնարար արժեքներից», - հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հավաստիացնում եմ, որ առաքելություն իրականացնելով Աֆղանստանում, կատարելով թեկուզ փոքր ներդրում միջազգային անվտանգության ապահովման գործում՝ մենք անգնահատելի ծառայություն ենք մատուցում մեր հայրենիքին և միջազգային հանրությանը», - ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:
Հայկական համակազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը(տաջիկստանից 40 կմ հեռավորության վրա), մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը:
Հայկական համակազմը Աֆղանստանում գործելու է գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում: Խաղաղապահների փոխարինումը կիրականացվի կես տարին մեկ անգամ:
Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ -0-