Հայկական խաղողի վաճառքն արգելվել է Վրաստանում

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, խաղողի վաճառքն արգելվել է Վրաստանում, տեղեկացնում է «Երկիր» թերթը։
Համապատասխան հրաման է տվել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելին։ Նախարարն իր որոշումը բացատրել է նրանով, որ հայկական արտադրանքը խանգարում է վրացական խաղողի իրացմանը։ Սակայն կարծիք կա, որ տվյալ հրամանի իրական պատճառը նախարարի և տվյալ ոլորտի գործարարների շահերի բախումն է։
Բանն այն է, որ Կվեզերելին և նրա շրջապատը գյուղացիներից մեծ քանակությամբ խաղող են գնել և պատրաստվում են մեծ գումարներ աշխատել նախատոնական առևտրից։
Հայկական խաղող ներմուծող ձեռնարկատերերն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը տվյալ որոշումից։ Նրանք կարծում են, որ վրացական խաղողը չի կարող մրցակցել հայկականի հետ, քանի որ խաղողի հայկական տեսակները չեն աճում Վրաստանում և ունեն իրենց գնորդները։ -0-