Հայաստանը երկկողմ համագործակցություն կզարգացնի Արևմտյան Բենգալ նահանգի հետ

21.12.2009, 17:27
Հայաստանը երկկողմ համագործակցություն կզարգացնի Արևմտյան Բենգալ նահանգի հետ

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արևմտյան Բենգալի նահանգապետի պաշտոնակատար Դևանանդ Կոնվարի և գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հարցեր քննարկել նրանց հետ, հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: 

Կողմերը քննարկեցին տնտեսության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես գյուղատնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Նահանգապետի պաշտոնակատարը ողջունեց Արևմտյան Բենգալ նահանգի հետ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության հայկական կողմի նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր գնահատեցին դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների մակարդակը: ՀՀ դեսպանը ներկայացրեց երկկողմ հարաբերությունների առկա վիճակը և զարգացման հեռանկարները:

Արևմտյան Բենգալի գլխավոր նախարար Բուդհադեբ Բհատաչարջիի հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց նահանգի մայրաքաղաք Կալկաթայում կենտրոնացած հնդկահայ համայնքի հանդեպ ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար:

Իր հերթին Արևմտյան Բենգալի գլխավոր նախարարը բարձր գնահատեց հնդկահայ համայնքի դերը նահանգի կյանքում:

Արևմտյան բենգալը Հնդկաստանի արևելքում գտնվող նահանգ է: Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Կալկաթան է՝ 80,221 մլն բնակչությամբ: -0-