Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորահոսքի աճը տարեկան 20 տոկոս է կազմում

18.12.2009, 15:26
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորահոսքի աճը տարեկան 20 տոկոս է կազմում
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորահոսքի աճը տարեկան 20 տոկոս է կազմում

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2000 թվականից սկսած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորահոսքի աճը տարեկան կազմում է 20 տոկոս, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը։

«2000 թվականին Հայաստանից Թուրքիա մեկնածների թիվը կազմել է մոտ 17,5 հազար մարդ, իսկ Թուրքիայից Հայաստան ժամանածների թիվը՝ 14,6 հազար։ 2008 թվականին Հայաստանից Թուրքիա է ժամանել 63,8 հազար մարդ, իսկ Թուրքիայից Հայաստան՝ 64,4 հազար»,- ասաց Եգանյանը։

Նա նշեց, որ 2008 թվականի տվյալներով, Հայաստանի և Թուրքիայի միջև ուղևորահոսքերի բացասական սալդոն կազմում է 5,2 հազար մարդ։

«Ենթադրաբար, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի հնարավոր բացման դեպքում ուղևորահոսքը կմեծանա, թեև ներկայում հնարավոր չէ կանխատեսել, թե որքանով։ Աճը պայմանավորված կլինի սահմանն անցնելու թեթևացմամբ և ճանապարհածախսի կրճատմամբ»,- ընդգծեց միգրացիոն գործակալության պետը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-