Հայ խաղաղապահները մինչև Աֆղանստան մեկնելը երեքշաբաթյա վերապատրաստում կանցնեն Գերմանիայում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խաղաղապահները մինչև Աֆղանստանում իրենց առաքելությունը սկսելը երեքշաբաթյա վերապատրաստում կանցնեն Գերմանիայում, հայտնում է Հայաստանում ԳԴՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, դեկտեմբերի 17-ին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը կայցելի ISAF International Security Assistance Force-շրջանակում խաղաղապահ առաքելության պատրաստվող հայկական զորախմբին։
«Այցելությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական խաղաղապահ
ուժերին և ընդգծելու Հայաստանի՝ ISAF-շրջանակում գործադրվող
ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպան Շմիդթը հայկական զորախմբին, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության պաշտպանության նախարարության բարձրաստիճան
ներկայացուցիչներին վերջիններիս Գերմանիա մեկնումից առաջ՝ հունվար
ամսին, կհյուրընկալի «հրաժեշտի երեկոյի» շրջանակում։
ISAF-շրջանակում գերմանական հրամանատարության ներքո ընթանալիք
հայկական խաղաղապահ առաքելությունը մասն է կազմում Գերմանիայի
հետ անվտանգության քաղաքականության ոլորտում սերտ
համագործակցության, որը, սակայն, չի սահմանափակվում կրթական և
վերապատրաստական սեկտորով միայն։
Հայ զինծառայողները Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին մասնակցում են հունական գումարտակի կազմում 2004 թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում՝ լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ. հունվարի 25-ից մինչև 2008թ. հոկտեմբերի 7-ը։--0--