Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է «Նովոստի-Արմենիա» գործակալության չորսամյակը

15.12.2009, 11:33
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է «Նովոստի-Արմենիա» գործակալության չորսամյակը
Հայաստանում ՌԴ դեսպանը շնորհավորել է «Նովոստի-Արմենիա» գործակալության չորսամյակը

Հայաստանում ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն շնորհավորել է «Նովոստի-Արմենիա» գործակալության հիմնադրման 4-ամյակը։

«Հարգելի տիկին Դավիդյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության ստեղծման հերթական տարեդարձի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դեսպանի խոսքերով, ԶԼՄ-ների շուկան առավել դինամիկ զարգացողներից է, և ժամանակակից պայմաններում դժվար է դիմանալ մրցակցությանը, սակայն «Նովոստի-Արմենիա»-ն ոչ միայն չի զիջում մրցակիցներին, այլ նաև առաջատար է իր ոլորտում։

«Միշտ արդիական, հետաքրքիր, կենդանի նյութերը պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում։ Ցանկանում եմ արտահայտել իմ հիացմունքն այս կարճ ժամանակահատվածում Ձեր և Ձեր տաղանդավոր անձնակազմի կողմից կատարած աշխատանքի կապակցությամբ, որի արդյունքը դարձավ Հայաստանում առավել առաջատար և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներից մեկի հայտնվելը»,- ընդգծել է Կովալենկոն։

Ըստ նրա, ոչ պակաս կարևոր փաստ է նաև այն, որ հենց «Նովոստի-Արմենիա»-ի հիման վրա է գործում Երևանում նմանը չունեցող ժամանակակից մուլտիմեդիոն «Նովոստի» մամուլի կենտրոնը։

«Գործակալության սերտ համագործակցությունը ՌԻԱ Նովոստիի հայկական մասնաճյուղի հետ բավական վառ վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը հաջողությամբ զարգանում է մեդիաոլորտում»,- ընդգծել է դեսպանը։

«Շնորհավոր տարեդարձ, բարեկամներ: Ձեզ կենսական ուժ ու ստեղծագործական էներգիա եմ մաղթում»,- ասված է ուղերձում:

«Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությունը նշել է իր չորսամյակը դեկտեմբերի 8-ին։ Գործակալությունը հայկական մեդիաշուկայի առաջատարների թվում է։

Գործակալության գործունեությունը սկսվել է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ՌԻԱ Նովոստի միջազգային տեղեկատվության ռուսաստանյան գործակալության հետ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ գործընկերային համաձայնագրի ստորագրումից հետո։

Այսօր, ըստ Arcaler Scorecard վարկանշային կայքի կողմից կազմված վիրտուալ ներկայացուցչությունների, վեբ-պորտալների, կայքերի, ինտերնետ-ռեսուրսների վարկանիշի, «Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեջբերման ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում հայկական լրատվական գործակալությունների ու կայքերի մեջ։ «Նովոստի-Արմենիա» գործակալության կայքը երկրում առաջին տեղն է զբաղեցնում նաև Yandex.ru որոնողական համակարգի վարկածով Հայաստանի լրատվական կայքերի վարկանիշում մեջբերման թեմատիկ ինդեքսով:

2008թ.-ի մայիսին «Նովոստի-Արմենիա»-ն ՌԻԱ Նովոստի ՄՏՌԳ հետ համատեղ թողարկել է «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնը՝ զինված բացառիկ մուլտիմեդիոն հնարավորություններով, ինչը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում մամուլի ասուլիսներ ու տեսակամուրջներ անցկացնել:

Գործունեության մեկուկես տարում մեդիա-հարթակը ակտիվ արձագանքել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին: «Նովոստի» մամուլի կենտրոնում եղել են երկրի խոշոր քաղաքական գործիչներ, ԿԲ նախագահը, ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, ՏՏ ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստի և շոու-բիզնեսի գործիչներ: Կազմակերպվել են աննախադեպ տեսակամուրջներ ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Մոսկվա, Կիև, Քիշնև, Մինսկ, ինչպես նաև Թբիլիսի, Բաքու և Անկարա քաղաքների:   

Հայ-թուրքական արձանագրությունների կնքումից հետո՝ հոկտեմբերի 13-ին կազմակերպված Երևան-Անկարա-Մոսկվա տեսակամուրջը՝ «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունը Արևելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ և իրողություններ» թեմայով, իր տեսակի մեջ աննախադեպ եղավ:

Հայ հասարակայնությունն առաջին անգամ կարողացավ նման ձևաչափում ծանոթանալ ոչ միայն հայ փորձագետների, այլ ռուս և թուրք վերլուծաբանների դիրքորոշման հետ՝ լսելով նրանց կարծիքը իրենց իսկ շուրթերից իրական ժամանակի ռեժիմում:

Գործակալությունը հրապարակում է վերլուծություններ, մեկնաբանություններ, հարցազրույցներ, որոնք աչքի են ընկնում հեղինակների, թեմաների և զրուցակիցների արդիական ընտրությամբ:  

Այս տարվա մարտին «Նովոստի-Արմենիա»-ն լավագույնն է ճանաչվել «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անցկացրած «Եվրոպական թեմաների մոնիթորինգը հայկական ԶԼՄ-ներում» հետազոտության արդյունքներով «ԶԼՄ-ների կողմից առավել լայնորեն լուսաբանվող եվրոպական թեմաները» անվանակարգում:  

Հաճելի է նշել նաև այն, որ 2009թ. հուլիսին Business Initiative Directions (BID) միջազգային կազմակերպությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը որակի համար «Gold» կատեգորիայում «Միջազգային աստղ» մրցանակ է շնորհել: --0--