Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 5%-ի մակարդակում
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը այսօրվա նիստում որոշում է ընդունել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5%-ի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն` 2009թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1,2%-ի գնաճ, որի պայմաններում գնաճի 12-մասյա ցուցնիշը կազմել է 4,6 %` նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ ավելանալով 1,1 տոկոսային կետով:
ԿԲ խորհուրդը արձանագրել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների լույսի ներքո արտաքին հատվածից գնաճային ճնշումները նշված ժամանակահատվածում ավելացել են, ինչը պայմանավորված է հիմնական պարենային ապրանքների և հանքահումքային արտադրանքի գների` սպասվածից ավելի արագ աճի տեմպերով:
Միաժամանակ, ինչպես ասվում է հաղորդագրությունում, ներքին տնտեսական աշխուժության և համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ սղաճային ճնշումներ։
«Պահպանվող տնտեսական անկման և համախառն պահանջարկի վերականգնման տեմպերի անորոշության պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է առայժմ զերծ մնալ դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությանն անցնելուց»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ իջեցրել է հաշվարկային դրույքը 0,25 տ.կ. մինչև 5 տոկոսի 2009 թվականի սեպտեմբերի 8-ին։
Եվս 0,25 տ.կետով` մինչև տարեկան 6 տոկոս դրույքն իջեցվել է հունիսի 9-ին, իսկ 0,5 տ.կ. մինչև 5,5 տոկոս տարեկան՝ հուլիսի 7-ին։ Գրեթե մեկ ամսից՝ օգոստոսի 11-ին, դրույքը հերթական անգամ իջեցվել է մինչև 5,25 տոկոս։ -0-