ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պատմական հուշարձանների կեսից ավելին վերականգնման կարիք ունի, ընդ որում կեսը՝ անհապաղ վերականգնման, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պատմական և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանման և օգտագործման բաժնի պետ Դորվարդ Առուշանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր պատմական հուշարձանները վերականգնման կարիք ունեն, հակառակ դեպքում նրանց վերականգնումը շատ ավելի մեծ ծախսեր կպահանջի:
«Շատ հուշարձաններ առաջին հայացքից նորմալ վիճակում են, սակայն իրականում միջամտության կարիք ունեն: Օրինակ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Մայր տաճարը»,- ասաց Առուշանյանը:
Մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանն իր հերթին հայտնեց, որ Հայաստանի պատմական հուշարձանների պետական ցուցակներում 24 հազար հուշարձան կա, որից 18 հազարը գտնվում է պետության ենթակայության տակ և օտարման ենթակա չէ:
Ինչ վերաբերում է մյուս հուշարձաններին, ապա Առուշանյանը հայտնեց, որ դրանք գտնվում են մասնավոր ենթակայության տակ և դրանց վերականգնումը սեփականատերերի լիազորություններում է: -0-