Հայ խաղաղապահների խումբը Աֆղանստան կմեկնի 2010 թ.-ի փետրվարին

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թ.-ի փետրվարին 40 մարդուց բաղկացած հայկական խաղաղապահ խումբը կմեկնի Աֆղանստան, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը։
«Մոտ ժամանակներում հայ զինծառայողների խումբը կմեկնի Աֆղանստան հետագա ծառայության վայրի հետ ծանոթանալու նպատակով, որից հետո հունվարին 40 մարդուց բաղկացած խումբը կմեկնի Գերմանիա՝ 2-3 շաբաթ վերապատրաստում անցնելու»,-ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, փետրվարին գերմանական ստորաբաժանման կազմում հայ խաղաղապահները կմեկնեն Աֆղանստան, որտեղ, ենթադրաբար, կմնան վեց ամիս։
Միևնույն ժամանակ Սիմոնյանը նշեց, որ տվյալ ժամկետներն առայժմ հստակեցման կարիք ունեն։ «Ամեն ինչ կախված է նրանից, թե գերմանական կողմը որքանով պատրաստված կտեսնի հայ խաղաղապահներին»,- պարզաբանեց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է խաղաղապահ բրիգադը նոր կադրերով համալրելուն, Սիմոնյանը նշեց, որ ցանկացողների մեծ թվի պատճառով բրիգադը համալրելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։
Իր հերթին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխօգնական Սելեստա Վոլանդերն ասել է, որ ուրախ է ծանոթանալ խաղաղապահ բրիգադի գործունեության ու կառուցվածքի հետ։
«Մենք Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ ականատես եղանք, թե ինչպիսի մեծ պատասխանատվությամբ է հայկական խաղաղապահ բրիգադն իրականացնում իր առաքելությունը։ Մենք, մասնավորապես ծանոթացել ենք հայ խաղաղապահների առաքելություններին Իրաքում և Կոսովոյում և քննարկել առաջիկայում նախատեսվող առաքելությունը Աֆղանստանում»,- ընդգծել է Վոլանդերը։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ավելացնել խաղաղապահ կազմը Աֆղանստանում։ «Մենք Հայաստանին կարևոր գործընկեր ենք համարում և նրա կողմից աջակցություն ակնկալում տվյալ ծրագրերում»,- ասել է Վոլանդերը։
Այժմ Կոսովոյում է գտնվում 70 զինծառայողից բաղկացած հայ խաղաղապահների իններորդ հերթափոխը։ 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը նոր էր սկսել հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնել, սա հայ զինծառայողների կրկնակի ավելացած առաջին կազմն է։ Հայկական վաշտը տեղակայված է Կոսովոյի հարավում գտնվող Ուրոշևաց քաղաքում։ -0-