Դաշնակցությունը մտադիր է ծայրահեղ միջոցների դիմել՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար. ՀՅԴ

01.12.2009, 13:59
Դաշնակցությունը մտադիր է ծայրահեղ միջոցների դիմել՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար. ՀՅԴ

Դաշնակցությունը մտադիր է ծայրահեղ միջոցների դիմել՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար, երեքշաբթի հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ստորագրված արձանագրությունների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը նվիրված ժողովի ընթացքում:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելու համար մենք կանենք հնարավոր ամեն ինչ, առաջին հերթին մենք կհասնենք նրան, որ ժողովուրդը կիմանա այդ քայլի լուրջ հետևանքների մասին», - ասաց Ռուստամյանը ժողովի ընթացքում, որին մասնակցել են տասը քաղաքական ուժի ներկայացուցիչներ:

Դաշնակցությունը 2009 թ.-ին դուրս է եկել իշխող կոալիցիայից՝ չհամաձայնվելով հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ երկրի ղեկավարության վարած քաղաքականության հետ: Դաշնակցությունը վտանգավոր է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները՝ կարծելով, որ արձանագրություններում տեղ գտած դրույթները վտանգում են Հայաստանի ազգային անվտանգությունը:

Ռուստամյանի խոսքերով, Դաշնակցություն կուսակցությունն արդեն բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Հայաստանի բնակիչների հետ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: «Շատերը չեն գիտակցում մեր պետականության վտանգի աստիճանը, որոնք կրում են այդ արձանագրությունները, սակայն ամեն րոպե մեր  համախոհների թիվն աճում է, և մենք կհասնենք մեր նպատակին», - ասաց պատգամավորը: Ռուստամյանը նշեց, որ այժմ Դաշնակցությունն արձանագրությունների դեմ ստորագրահավաք է անցկացնում:

«Մենք կհասնենք նրան, որ մեր քաղաքացիներն, անկախ քաղաքական հայացքներից, կպահանջեն խորհրդարանում իրենց շահերը ներկայացնող պատգամավորներից արձանագրությունների վավերացմանը դեմ հանդես գալ», - ասաց նա:

Նրա խոսքերով, եթե դա չհաջողվի, և արձանագրությունները վավերացվեն, ապա Դաշնակցությունը կդիմի ծայրահեղ միջոցների՝ պահանջելով իշխանության հրաժարականը:

Ռուստամյանը կոչ արեց իշխանություններին հրաժարվել արձանագրություններից՝ նշելով, որ դրանց վավերացումը կհանգեցնի անդառնալի հետևանքների:-0-