Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչը կայցելի Հայաստան

26.11.2009, 12:37
Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության ներկայացուցիչը կայցելի Հայաստան

Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ներկայացուցիչը կայցելի Հայաստան՝ գործարար կապեր հաստատելու համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Տոկիայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և JETRO-ի նախագահ Յասուո Հայաշիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը Ճապոնիայի կառավարության հրավերով նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում:

ՀՀ ԱԳ նախարարը JETRO-ի նախագահի հետ քննարկել է երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները: Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային դաշտն ու ոլորտները:

Յասուո Հայաշին իր հերթին ներկայացրել է իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը և ասել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է հայաստանյան գործընկերների հետ կապերի հաստատմամբ և զարգացմամբ:

«Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության ներկայացուցիչը այցելի Երևան`հայաստանյան գործընկերների հետ կապեր հաստատելու և համագործակցության ուղիներ քննարկելու համար», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից:

JETRO-ն ճապոնական կազմակերպություն է, որն աջակցում է արտաքին առևտրի զարգացմանը (Japan External Trade Organization): Կազմակերպությունը ստեղծվել է 1958թ.-ին, որի կենտրոնակայանը գտնվում է Տոկիոյում: JETRO-ն երկրի խոշորագույն քաղաքներում ունի 28 տարածաշրջանային բաժանմունք և 77 ներակայացուցչություն աշխարհի 57 երկրում, այդ թվում նաև Ռուսաստանում:

JETRO-ն ոչ առևտրային, կառավարության հետ կապված կազմակերպություն է: Այն հանդես է գալիս որպես Ճապոնիայի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարությանն ու տարբեր կորպորացիաներին կապող օղակ: Միաժամանակ կազմակերպությունը խոշոր հետազոտական կենտրոն է, այն հավաքում և մշակում է օտարերկրյա տնտեսական տեղեկատվություն:

Սկզբից JETRO-ի կապիտալը կազմել է 2 միլիարդ յեն, իսկ բյուջեն՝ 1812 միլիոն յեն, որոնցից 885 միլիոնը տրամադրվել էին կառավարական սուբսիդիաների տեսքով: 90-ականներին կազմակերպությունը ստացավ շուրջ 20 միլիարդ յենի պետական սուբսիդիա, իսկ նրա տարեկան բյուջեն կազմեց գրեթե 30 միլիարդ յեն:

JETRO-ի գործունեությունն ընդգրկում է հետևյալ հիմնական ուղղվածությունները՝ Ճապոնիա արտահանման հարցերում օգնության ցուցաբերում, խորհրդատվություն և միջնորդական գործունեություն, արտասահմանում ցուցահանդեսների կազմակերպում, Ճապոնիայի գործարար աշխարհի և օտրարկրյա ներկայացուցիչների միջև կապերի հաստատում, սեմինարների անցկացում, հրատարակչական-տեղեկատվական գործունեություն:-0-