Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է, ասել է Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը Հնդկաստանի նախագահ տիկին Պրատիբհա Դեվիսինգհ Պատիլի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Արա Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Հակոբյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնը եւ նշել, որ Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարին` դեսպան Հակոբյանը նշել է, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը կխթանի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացումը:
Նախագահ Պրատիբհա Պատիլն իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հղել իր բարեմաղթանքները և նշել, որ Հնդկաստանը նույնպես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-հնդկական համագործակցության հետագա զարգացման գործում: -0-