Հայաստանի հարկադիր կատարողներն ինքնաֆինանսավորման են անցնում

17.11.2009, 13:30
Հայաստանի հարկադիր կատարողներն ինքնաֆինանսավորման են անցնում
Հայաստանի հարկադիր կատարողներն ինքնաֆինանսավորման են անցնում

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, օրենքի վերանայման հիմնական նպատակը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխումն է, կադրերի լճացման հնարավորության բացառումը, հարկադիր կատարողների աշխատանքի որակի բարձրացումը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատանքում ռոտացիոն սկզբունքի ապահովումը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ աշխատավարձի բարձրացումը զգալիորեն նպաստում է կոռուպցիայի դեմ պայքարին և այն, որ այժմ անհնարին է աշխատավարձի բարձրացումը, առաջարկվում է սահմանել կատարողների նյութական խրախուսման կարգ՝ պարտավորությունների բարեխիղճ կատարման համար», - ասաց Առուստամյանը:

Նրա խոսքերով, նյութական խրախուսումը կհասնի հարկադիր կատարողի կողմից առգրավված գույքի կամ գումարի չափի 5 տոկոսի:

Փոխնախարարի խոսքերով, փոփոխություններով վերանայվում է ԴԱՀԿ-ի աշխատակիցների ատեստավորման կարգը, ինչը թույլ կտա բարձրացնել նրանց մասնագիտական գիտելիքների մակարդակը և բացառել համակարգում անբավարար որակավորում ունեցող աշխատակիցների աշխատանքի հնարավորությունը:

Բացի այդ, ինչպես նշեց Առուստամյանը, սահմանվում է ԴԱՀԿ-ի աշխատակիցների, այդ թվում նաև բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիայի կարգը, ովքեր տարին երեք-հինգ անգամ կտեղափոխվեն համանման պաշտոնների ծառայության այլ ստորաբաժանումներում:-0-