Անվանի հայ գեղանկարիչ Մինասի աշխատանքների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մի շարք քաղաքներում 2010 թվականին, ուրբաթ ասաց Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Գալոն «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
«Ցուցահանդեսը շատ մեծ և ներկայացուցչական է լինելու, որի համար առանձնացվել է Մինասի 100 աշխատանք։ Ցուցահանդեսը կանցկացվի մեծ ցուցասրահներում, ճարտարապետական մեծ համալիրներում»,- ասաց նա։
Գալոյի խոսքերով՝ ցուցահանդեսը կանցկացվի 2010 թվականին Վենետիկում, Միլանում, Հռոմում, Ֆլորենցիայում և Նեապոլում, սակայն ներկայումս հնարավոր չէ նշել անցկացման ճշգրիտ ժամկետները։ Ինչպես պարզաբանեց պրոֆեսորը, ցուցահանդեսի նախապատրաստությունը շատ ժամանակ կպահանջի, և հենց այս պատճառով հնարավոր չէ հստակ նշել ցուցադրության ժամկետները։
Նեապոլցի մասնագետը վստահություն հայտնեց, որ Մինասի աշխատանքները հասկանալի կլինեն իտալացի արվեստասերին։ «Գեղանկարչությունը չի պահանջում մեկնաբանություններ և պարզաբանումներ, արվեստը շփման բարձրագույն միջոց է»,- ընդգծեց նա։
Ինչպես նշեց Մինաս Ավետիսյանի որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը, Ավետիսյանների ընտանիքը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իտալիայում նախատեսվող ցուցահանդեսի անցկացմանը և մեծ հույսեր է կապում այս ցուցադրության հետ։ Միաժամանակ Ավետիսյանը նշեց, որ ցուցահանդեսի անցկացման հարցը պետք է դրվի լուրջ պետական հիմքերի վրա։
Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։
Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։
1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բայց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։
1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։ -0-