Շվեդիայի իշխող կուսակցությունը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը. հեռուստատեսություն
Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն իր տարեկան ժողովի ժամանակ Հայոց ցեղասպանության դատապարտման մասին որոշում է ընդունել, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով «Դոյչե վելլեին»:
Ընդունված փաստաթղթում նշվում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերից բացի ցեղասպանության են ենթարկվել նաև ասորիները:
Կուսակցության գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է առաջընթացի հասնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացում, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ որոշումն ընդունվել է Շվեդիայի հայկական և ասորական համայնքների համակարգված գործունեության արդյունքում:
Հավանական է, որ Ցեղասպանության մասին բանաձևը մոտ ժամանակներս կներկայացվի Շվեդիայի խորհրդարանի քննարկմանը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-