Լոնդոնը Հայաստանում խոզի գրիպի առնչությամբ եզրակացությունը կներկայացնի մեկ ամսից

10.11.2009, 16:03
Լոնդոնը Հայաստանում խոզի գրիպի առնչությամբ եզրակացությունը կներկայացնի մեկ ամսից
Լոնդոնը Հայաստանում խոզի գրիպի առնչությամբ եզրակացությունը կներկայացնի մեկ ամսից

Հայաստանում խոզի գրիպի վարակի դեպքերի առկայության մասին անալիզների պաշտոնական արդյունքները Լոնդոնի տարածաշրջանային լաբորատորիան կներկայացնի մեկ ամսից, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«ԱՀԿ պարտադիր պահանջով՝ նվազագույնը առաջին տասը դեպքը, որ գրանցվում է որևէ երկրում, պարտադիր կարգով պետք է հաստատվեն Լոնդոնի տարածաշրջանային լաբորատորիայում»,- երեքշաբթի նա ասաց լրագրողներին:

Քուշկյանը նշեց, որ Հայաստանում խոզի գրիպի առաջին դեպքը հայտնաբերվել ու լաբորատոր կերպով հաստատվել է Իրանի մի քաղաքացու մոտ, որը դիմել էր հայկական հիվանդանոցներից մեկին և որտեղից նրանց ուղարկել էին ինֆեկցիոն հիվանդանոց:  

«Նա մեկուսացվել էր, իսկ բուժելուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից և մեկնել  Իրան»,- պարզանաբել է նա:

Բացի այդ, նախարարի խոսքերով, երկու օր առաջ օդանավակայանում ջերմացույցի միջոցով խոզի գրիպի ախտանիշերով ևս երկու դեպք է հայտնաբերվել: Հիվանդները Մոսկվայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ են:

«Այս քաղաքացիները բուժվում են Հանրապետական հիվանդանոցում Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանի անմիջական վերահսկողության տակ: Նրանց վիճակը բավարար է, բուժման ընթացքում բարդություններ չեն ծագել, և ես վստահ եմ, որ մոտակա երկու-երեք օրը նրանք դուրս կգրվեն»,- ընդգծեց նա:

Այս առնչությամբ Քուշկյանն ասաց, որ անալիզների՝ Լոնդոն ուղարկելը «ինչ-որ արտակարգ մի բան չէ, և չի նշանակում, որ հայկական լաբորատորիաների հետազոտությունների տվյալները անորակ են»:

«Ոչ միայն խոզի գրիպի վիրուսի հետ կապված, այլև բոլոր լաբորատոր հետազոտությունները զարգացած երկրներում պետք է միշտ վերահսկման լրացուցիչ ընթացակարգ անցնեն՝ դրանց հստակության ապահովման համար: Այժմ նմուշներն ուղարկված են Լոնդոնի լաբորատորիա, ինչից հետո մենք կկարողանանք վերջնականապես հրապարակել հետազոտությունների բոլոր տվյալները»,- ամփոփեց Առողջապահության նախարարը:  

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, հանրապետությունում 50 կասկածելի դեպք էր հայտնաբերվել, սակայն զննումից հետո A/H1N1-ի կասկածները չէին հաստատվել: --0--