Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2010 թ.-ի առաջին կիսամյակում. նախարար
Հայկական ՍԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ) պատրաստ կլինի 2010 թ.-ի առաջին կիսամյակի վերջին, տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման ՏՏՀ-ի վերջնական տարբերակը պատրաստ կլինի 2010 թ.-ի առաջին կիսամյակի վերջում, և դրանից հետ մենք կսկսենք փնտրել պոտենցիալ ներդրողներ», - ասաց նախարարը ուրբաթ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ:
Մովսիսյանը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ Հայաստանում մրցույթ է անցկացվել խորհրդատվական ընկերության ընտրության համար, որը պետք է զբաղվի ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման ուսումնասիրման գործընթացով: Նա նշեց, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքների անցկացման համար մինչ օրս արդեն հատկացվել է 500 հազար դոլար:
Նախարարը նշեց, որ ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է զբաղվի հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կոնֆիգուրացիայի, նրա պարամետրերի ուսումնասիրմամբ և ընտրությամբ, ինչպես նաև համալրմամբ, ՏՏՀ-ի մշակմամբ, պոտենցիալ ներդրողներ փնտրելով:
Մովսիսյանը տեղեկացրեց, որ այժմ նոր բլոկի կոնֆիգուրացիան արդեն ընտրվել է, և բավականին լուրջ աշխատանք է իրականացվել, մանրամասն ուսումնասիրվել են նոր էներգաբլոկի համար նախատեսված սարքավորումների բոլոր արտադրողները:
Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։
Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։
ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը: