2009թ. 10 ամսվա ընթացքում Հայաստանում շուրջ 122 ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել

04.11.2009, 18:24
2009թ. 10 ամսվա ընթացքում Հայաստանում շուրջ 122 ՄԻԱՎ վարակակիր  է գրանցվել
2009թ. 10 ամսվա ընթացքում Հայաստանում շուրջ 122 ՄԻԱՎ վարակակիր  է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի 10 ամսվա ընթացքում Հայաստանում գրանցվել է շուրջ 122 ՄԻԱՎ վարակակիր, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական վերահսկողության բաժնի պետ Արշակ Պապոյանը։   

«Նկատի առնելով, որ սկսած 1988 թվականից առայսօր Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների թիվն ավելի քան 780 էր, կարող է թվալ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակը երկրում կտրուկ վատացել է, սակայն դա սխալ կարծիք է, քանի որ տվյալ ցուցանիշը չի արտացոլում Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների փաստացի թիվը»,- ասաց Պապոյանը։

Ըստ նրա, վերջին 3 տարիների ընթացքում երկրում զգալիորեն ավելացել է ՄԻԱՎ առկայության առումով հետազոտվող անձանց թիվն, ինչն անկասկած դրական գործոն է, և այդ առումով տրամաբանական է Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների թվի աճը։

Նա ասաց նաև, որ ներկայում կենտրոնն օգտագործում է բացառապես բուժման հակառետրովիրուսային մեթոդը, որն ուղղված է ՄԻԱՎ-վարակակրի կյանքի որակի լավացմանն ընդհանուր առմամբ և նպաստում է նրա կյանքի տևողության առավելագույն չափով երկարացմանը՝ խոչընդոտելով օրգանիզմում վիրուսի բազմացմանը։
 
Խոսելով բուժման ժամանակակից մեթոդների մասին՝ նկատի առնելով այն, որ առայսօր ողջ աշխարհում մշակված չեն ՄԻԱՎ-վարակն ամբողջությամբ բուժող դեղամիջոցներ, փորձագետը հայտարարեց, որ տվյալ մեթոդիկան լավագույններից մեկն է։
 
Փորձագետի խոսքերով, ներկայում երկրի մայրաքաղաքում և մարզերում գործում է շուրջ 155 խորհրդատվական կետ և մոտ 29 լաբորատորիա, ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի հանրապետական կենտրոնում գործում է արդիականացված, նորագույն տեխնիկական սարքավորումներով հագեցած լաբորատորիա։
 
Կենտրոնի լաբորատոր ախտորոշման բաժանմունքի պետ Անահիտ Ասատրյանի խոսքերով, լաբորատորիայում հետազոտվում են ինչպես կենտրոնում, այնպես էլ մարզերում հանձնած բոլոր անալիզները։

Լաբորատորիան գործում է կենտրոնին կից արդեն շուրջ 5 տարի և հիմնվել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի (The global fund to fight AIDS, tuberculosis and malaria) տրամադրած միջոցներով։

Ասատրյանի խոսքերով, լաբորատոր հետազոտությունների և ՄԻԱՎ-վարակակիրների հետ կապված բոլոր ընթացակարգերը կենտրոնում անցկացվում են անվճար։ «Ներկայում լաբորատորիայի պայմաններն ու տեխնիկական զինումը թույլ են տալիս անցկացնել արյան լիարժեք անալիզ և գործնականորեն անհապաղ ստանալ անալիզների արդյունքները»,- նշեց Ասատրյանը։

Լաբորատորիայում պահպանվում է մշտական ջերմաստիճանը, որը ձմռանը չպետք է ցածր լինի 18 աստիճանից, և չգերազանցի 24 աստիճանն ամռանը։ Այս տարի լրանում է ՁԻԱՀ-ի պրոֆիլակտիկայի հանրապետական կենտրոնի 20 տարին։ -0-