Հայաստանում ոստիկանների մասին պատմող սերիալ կնկարահանվի

04.11.2009, 11:33
Հայաստանում ոստիկանների մասին պատմող սերիալ կնկարահանվի
Հայաստանում ոստիկանների մասին պատմող սերիալ կնկարահանվի

Հայկական հեռուստատեսության եթերում ոստիկանների մասին պատմող սերիալ կհայտնվի, երեքշաբթի ՀՀ ոստիկանությանն առընթեր Հանրային խորհրդի նիստի ժամանակ տեղեկացրել է  Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

«Մենք ցանկանում ենք ոստիկանների մասին ֆիլմ նկարահանել՝ նորմալ սյուժեով: Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի ստացվի լավ ֆիլմ», - հայտարարել է նա:

Սարգսյանի խոսքերով՝ սերիալի նկարահանումներին կաջակցի հայտնի դերասան, մարտարվեստների վարպետ Գոռ Վարդանյանը, որն արդեն պայմանավորվածություն ունի ամերիկյան կազմակերպության հետ:

ՀՀ ոստիկանապետը պարզաբանել է, որ դա կլինի 45 րոպեանոց 12 սերիայից բաղկացած սերիալ: Միաժամանակ նա դժվարացել է նշել ֆիլմի էկրան դուրս գալու հստակ օրը:

Ալիկ Սարգսյանը նշել է, որ այժմ անհրաժեշտ է բարձրացնել Ոստիկանության հեղինակությունը լայն հասարակության աչքում, ցույց տալ, որ չնայած դժվարին սոցիալական պայմաններին՝ իրավապահ մարմինների աշխատակիցներն ազնվորեն և արժանապատվորեն են կատարում իրենց աշխատանքը:

«Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ հարգանքով վերաբերվեն ոստիկանի մասնագիտությանը: Անհրաժեշտ է բարձրացնել Ոստիկանության հեղինակությունը», - ընդգծել է նա:

ՀՀ ոստիկանապետը խոստացել է հնարավորինս աջակցել արվեստի գործիչներին Ոստկանության աշխատակիցների աշխատանքը ներկայացնելուն ուղղված նրանց  նախաձեռնություններում:-0-