Երևանը 2012թ.-ին կարող է դառնալ գրքի միջազգային մայրաքաղաք

02.11.2009, 10:21
Երևանը 2012թ.-ին կարող է դառնալ գրքի միջազգային մայրաքաղաք
Երևանը 2012թ.-ին կարող է դառնալ գրքի միջազգային մայրաքաղաք

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2012թ.-ին, երբ Հայաստանը կնշի հայկական տպագրության 500 ամյակը, Երևանը կարող է դառնալ գրքի միջազգային մայրաքաղաք:

Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչ, ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոնսուելո Վիդալի հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ հայկական կողմը մտադիր է նման առաջարկով դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Միաժամանակ Պողոսյանը կարևորել է հայկական տպագրության 500-ամյակի նշումը:

Առաջին հայկական տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», տպվել է Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում 1512 թ.-ին:

Հանդիպման ընթացքում ՀՀ մշակույթի նախարարը նշել է ՄԱԿ-ի հետ հաջող համագործակցությունը՝ անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ծրագրերին, որոնց շրջանակներում անցկացվում են վարպետության դասընթացներ, գիտաժողովներ:

Մասնավորապես, նա հիշեցրել է, որ առաջիկայում նախատեսված ԱՊՀ երկրների տարածաշրջանի գիտաժողովը` «Մշակութային քաղաքականություն- քաղաքականություն մշակույթի համար» թեմայով: -0-