ԱՍԱԼԱ-ի նախկին անդամները կմիանան հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված բողոքի ցույցերին

29.10.2009, 16:45
ԱՍԱԼԱ-ի նախկին անդամները կմիանան հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված բողոքի ցույցերին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը պատրաստ է միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված բողոքի ցույցերին, հայտարարեց կազմակերպության աշխատանքները համակարգող Տիգրան Փաշաբեզյանը:

ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի Ազատագրության Գաղտնի Բանակը, ընդհատակյա կազմակերպություն է: Ստեղծվել է 1975թ-ին: Նպատակն է ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել, որպեսզի ճանաչի 1915-1923 թվականների ցեղասպանությունը: 80-ականների վերջին, 90-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց ռազմական գործունեությունը:

«Ուխտ Արարատի» կազմակերպությունը կսատարի բողոքի ցույցերի ու հանրահավաքների անցկացմանը, որոնք ուղղված են Հայաստանի սահմանադրական սկզբունքներին չհամապատասխանող արձանագրությունների դեմ»,- ասաց Տիգրան Փաշաբեզյանը հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ կազմակերպության ակտիվիստները մասնակցել են Դաշնակցության կազմակերպության բողոքի ցույցերին:

Նրա խոսքով, պետք է մտածել, թե ինչպես կանխել արձանագրությունների վավերացումը:

Տիգրան Փաշաբեզյանը նշեց, որ դա հնարավոր է անել «արձանագրություններից բխող սպառնալիքների վերհանման միջոցով, ինչպես նաև համազգային, համահայկական ինքնապաշտպանության համակարգի ձևավորմամբ, Հայաստանի ինքնավարության ու անկախության վերականգնմամբ՝ վերածելով այն լիիրավ ու ժողովրդավարական պետության»:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-