ԵՄ հետ համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է. Անվտանգության խորհուրդ
ԵՄ հետ համագործակցությունը ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, ասաց ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:
Քննարկվել են «Արևելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում «Ազատ առևտրի խորացված և համապարփակ համաձայնագրի» կնքմանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ապահովման ենթակառուցվածքների ստեղծման գործում Հայաստանին ԵՄ աջակցության հնարավորությունները:
Այդ հարցում կարևորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության, արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի դերը:
Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության մակարդակը և իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրին:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և ստորագրված արձանագրությունների վավերացմանը:
Պիտեր Սեմնեբին կրկնել է ԵՄ դիրքորոշումն այս հարցում` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:-0-