Հայաստանի խորհրդարանի այգում բացվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը

27.10.2009, 14:15
Հայաստանի խորհրդարանի այգում բացվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը
Հայաստանի խորհրդարանի այգում բացվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը

Հայաստանի խորհրդարանի այգում երեքշաբթի բացվել է 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը:

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

ՀՀ Ազգային ժողովում 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցման հարցերի հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, նախարարներ և պատգամավորներ, Վազգեն Սարգսյանի ծնողները, Կարեն Դեմիրճյանի այրին և ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներն ու մտերիմները:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հիշեցնելով, որ խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների օրվանից անցել է տասը տարի, նշեց, որ հայ ժողովրդին ցնցած ոճրագործությունը անվանի մարդկանց կյանքերը խլեց, ովքեր հսկա ներդրում են կատարել անկախության զարգացման և պետականության կայացման, ինչպես նաև հայկական բանակաշինության գործում:

«Այսօր մենք ոգեկոչում ենք ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, հայկական պետականությանը նվիրված Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի և Հենրիխ Աբրահամյանի հիշատակը, որոնց՝ Հայաստանի անկախության պատմության մեջ կատարած ներդրումն անգնահատելի է: Մեր կորուստն անդառնալի է, վերքը՝ անբուժելի և նույնիսկ անցած տարիները չեն մեղմել մեր ցավն ու ափսոսանքը», - ասաց Աբրահամյանը:

Նա նշեց, որ խորհրդարանի այգում տեղադրված հուշակոթողը, որը Երվանդ Քոչարի աշխատանքն է, խորհրդանշում է չարի նկատմամբ բարու հաղթանակը, ողբերգության զոհ դարձած պետական գործիչների անցած ճանապարհը:

Հուշակոթողը, որի վրա գրված է «Խորհրդարանում ողբերգության զոհ դարձած պետական, քաղաքական գործիչների հիշատակին», բացեցին զոհված Վազգեն Սարգսյանի ծնողներն ու Կարեն Դեմիրճյանի այրին:

Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:

Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։ -0-