Հայաստանը հիշում է 1999 թվականի ահաբեկչության զոհերին

27.10.2009, 10:26
Հայաստանը հիշում է 1999 թվականի ահաբեկչության զոհերին
Հայաստանը հիշում է 1999 թվականի ահաբեկչության զոհերին

Հայաստանը հիշում է տասը տարի առաջ երկրի Ազգային Ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։

1999թ. հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։

Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։

Ահաբեկիչների դատը տևեց 2001-2003թթ.։ Մեղադրող կողմը պահանջեց առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ. սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան։

Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման։

Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում։

Այսօր առավոտյան երկրի ղեկավարությունը կհարգի ահաբեկչության հետևանքով զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի հիշատակը Երևանի «Եռաբլուր» պանթեոնում։

Բացի այդ Ազգային ժողովի այգում տեղի կունենա Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը:--0--