Հայաստանի շախմատի ակադեմիան նոր շենք է տեղափոխվել

21.10.2009, 10:44
Հայաստանի շախմատի ակադեմիան նոր շենք է տեղափոխվել
Հայաստանի շախմատի ակադեմիան նոր շենք է տեղափոխվել

Շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է Շախմատի ֆեդերացիան, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կառավարության անդամներ և խորհրդարանի պատգամավորներ, հայտնի հասարակական և մշակութային գործիչներ:

Հատուկ նախագահի համար ակադեմիայի սաները նոր շենքի բակում բլից-մրցաշար էին կազմակերպել, ինչից հետո շախմատի օլիմպիական կրկնակի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, Հայաստանի շախմատի հավաքականի առաջնորդ Լևոն Արոնյանն ու ամենաերիտասարդ հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը կտրեցին կարմիր ժապավենը:

Նոր շենքի օծման արարողությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:

«Հավատում եմ, որ ակադեմիան կդառնա մեր շախմատի հաջողության հիմքերից մեկը, և այստեղից դուրս կգան բազմաթիվ խելացի և ուժեղ շախմատիստներ», - լրագրողներին հայտարարել է ակադեմիայի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

Նա նշել է, որ նոր շենքում կարելի է դասեր անցկացնել ինչպես պատանի շախմատիստների համար, սեմինարներ՝ մարզիչների համար, այնպես էլ՝ խոշոր միջազգային մրցաշարեր և զանգվածային մրցումներ:

Լպուտյանն ընդգծել է, որ նոր շենքն անհրաժեշտ էր, քանի որ ակադեմիան 43 մասնաճյուղ ունի Հայաստանի մարզերում, և պատանի շախմատիստների թիվը կտրուկ ավելացել է:

Նա տեղեկացրել է, որ ակադեմիան նախատեսված է 4-9 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 400 պատանի շախմատիստի ուսման համար:

Լպուտյանը նաև նշել է, որ Շախմատի ակադեմիայի նոր շենքի կառուցման գաղափարը ՀՀ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է, և հիմա միայն այն հաջողվեց կյանքի կոչել:

Հայ ուժեղագույն շախմատիստներից մեկը՝ Լևոն Արոնյանը, նշել է, որ մարզումների համար լավ պայմաններ են անհրաժեշտ, քանի որ շախմատիստին ոչինչ չպետք է շեղի:

Նա նշել է, որ նրա ժամանակներում պատանի շախմատիստները չունեին նման կենտրոն: Նա արժանին մատուցեց հայ շախմատիստների աճող սերնդին՝ հայտարարելով, որ «մեր երեխաները շատ տաղանդավոր են և կարող են հաջողությունների հասնել ոչ միայն շախմատում»:-0-