ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լրագրողների համար նախատեսված «Հաշմանդամության խնդիրն ու ԶԼՄ-ները» ուղեցույցի շնորհանդեսը անցկացվեց ուրբաթ, Երևանում:
«Ուղեցույցը հաշմանդամության թեմայով լրագրողական հոդվածների երկարատև դիտարկման արդյունքն է: Դրանում օգտագործված են լրագրողական նյութեր՝ հիմնված բացառապես կյանքի իրական օրինակների վրա»,- ասաց պարբերականի հեղինակ Զարուհի Բաթոյանը «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում:
Նրա խոսքով, չափազանց կարևոր է հաշմանդամների խնդիրներն ըմբռնելը և դրանց մասին հիշելը հենց առօրյայի համատեքստում և հաճախ կենցաղային խնդիրների թվում:
«Հաճախ մենք ինքներս, հնարավոր է չուզենալով, հաշմանդամների մոտ թերարժեքության զգացմունք ենք առաջ բերում»,- ասաց Բաթոյանը:
Ինչպես կարծում է ուղեցույցի հեղինակը, ֆիզիկական թերություններ ունեցող մարդիկ խղճահարության կամ կարեկցանքի կարիք չունեն, և նրանց մասին պետք է հիշել տների, մետրոյի կայարանների, խանութների շինարարության ժամանակ՝ նրանց համար կյանքի հարմար պայմաններ ստեղծելու միջոցով:
Ինչպես հայտնեց Բաթոյանը, Դանիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և «Հույսի կամուրջ» ու «Առաքելություն արևելք» հասարակական կազմակերպությունների սատարմամբ հրատարակված ուղեցույցը կբաժանվի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին:
Շնորհանդեսի ընթացքում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը ներկայացրեց նոյեմբերի վերջին նախատեսված «Հավասար պայմաններ» կարգախոսով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակության յոթերորդ մրցույթի հիմնական պայմանները:
Մրցույթի պայմանների համաձայն, նյութերը կարող են ներկայացվել մինչև նոյեմբերի 20-ը, մրցույթին կարող են մասնակցել միայն այն նյութերը/ռադիո և հեռուստահաղորդումներ, հոդվածներ/, որոնք պատրաստվել են 2008թ.-ի նոյեմբերի 20-ից մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
«ԶԼՄ-ները հսկայական դեր են խաղում հասարակական գիտակցության ձևավորման գործընթացում»,- նշեց Թադևոսյանը:
Այս նպատակով, նրա կարծիքով, չափազանց կարևոր է սեմինարներ անցկացնել ոչ միայն լրագրողներ, այլև օպերատորներ պատրաստելու համար:
«Կարևոր է ճիշտ մատուցել ոչ միայն բանավոր խոսքը, այլև ներդաշնակորեն ներկայացնել պատկերը՝ դրված նպատակին հնարավորին չափ հասնելու համար»,- իր հերթին նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը:
Նշելով հաշմանդամության թեմայով հրապարակումների որակական աճը, որն զգացվում է այս տարի, Խաչատրյանը նշեց այդ ուղղությամբ զարգացման անհրաժեշտությունը:
«Եթե յոթ տարի առաջ հայ լրագրողները, հաշմանդամության թեմայով նյութեր հրապարկելիս, կոպիտ բարոյագիտական սխալներ էին թույլ տալիս, ներկայացնում էին բժշկական տեղեկանքներ կամ խղճահարություն էին առաջ բերում հեռուստադիտողի շրջանում, ապա այսօր հրապարակումները որակապես բարելավվել են: Բայց, կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց նա: Ամենամյա մրցույթն անցկացվում է «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունների հետ համատեղ: -0-