Ոստիկանության՝ Կոտայքի մարզային վարչության օպերլիազորը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք շորթելու մեջ

15.10.2009, 18:00
Ոստիկանության՝ Կոտայքի մարզային վարչության օպերլիազորը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք շորթելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության՝ Կոտայքի մարզային վարչության ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Մ. Յախանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Յախանյանը մեղադրվում է իր լիազորություններն անցնելու և քաղաքացիներ Ա. Իգնատենկոյից և Մ. Մկոյանից շորթմամբ 1500 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու մեջ՝ մարմնավաճառներ Մ.Պողոսյանին և Գ.Բաբայանին բռնաբարության փաստով քրեական գործ չհարուցելու համար։ 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Յախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի առաջին մասով և 311-րդ հոդվածի երրորդ մասի առաջին և երրորդ կետերով։

Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան։ -0-