ՀՀ նախագահն այսօր կմեկնի Բուրսա

14.10.2009, 16:38
ՀՀ նախագահն այսօր կմեկնի Բուրսա
ՀՀ նախագահն այսօր կմեկնի Բուրսա

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին կմեկնի Բուրսա, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահը կայացրել է Թուրքիա այցելելու որոշում: Մեր երկրի ղեկավարը Թուրքիայի Նախագահի հրավերով այսօր կեսօրին կմեկնի Բուրսա` Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև կայանալիք հանդիպումը Աբդուլահ Գյուլի հետ միասին դիտելու նպատակով», -  ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանի հետ Թուրքիա կմեկնեն նաև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը և Շավարշ Քոչարյանը, Նախագահի աշխատակազմի և Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահ Սարգսյանին ուղեկցում են նաև մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Բուրսայում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ կայցելի մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներին` քաջալերելու նրանց հանդիպումից առաջ: Նախագահ Սարգսյանը Բուրսայում առանձնազրույց կունենա Թուրքիայի Նախագահի հետ: Կլինի նաև հանդիպում ընդլայնված կազմով: Բուրսայում Թուրքիայի Նախագահի անունից Նախագահ Սարգսյանի պատվին կտրվի ճաշ և կկազմակերպվի ընդունելություն: Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղից հետո կվերադառնա Երևան:

Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն է Թուրքիա:

Երկու անգամ Թուրքիա է այցելել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1992թ. հունիսին՝ Սևծովյան համագործակցության կազմակերպության սահմանադիր գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, և 1993 թվականին՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորությանը մասնակցելու համար: Երրորդ անգամ Թուրքիա մեկնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 1999թ. նոյեմբերին՝ Ստամբուլում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Բուրսայում անցկացվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա են լինելու Հայաստանի և Թուրքիայի նախագահները, կլուսաբանի 400 տեղական և միջազգային ԶԼՄ, որոնցից 12-ը հեռուստաընկերություն՝ ուղիղ եթերում:-0-