ՀՀ վարչապետը բարձր է գնահատում Գալուստ Կյուլպենկյանի վաստակը Հայաստանի զարգացման գործում

13.10.2009, 19:39
ՀՀ վարչապետը բարձր է գնահատում Գալուստ Կյուլպենկյանի վաստակը Հայաստանի զարգացման գործում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել հայ բարերար Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության կառավարության մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, հանրապետության վարչապետն ընդունել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության պատվիրակությանը` «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանի գլխավորությամբ։

Վարչապետը նշել է, որ Գալուստ Կյուլպենկյանի գործունեությունն ու վաստակը մեզանում գնահատված են, իսկ նրա բարեսիրական աշխատանքը վերածվել է ուսանելի օրինակի ու փորձառության։

Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է հիմնադրամի գործունեությամբ և Հայաստանի կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությամբ, ինչպես նաև հաստատության Հայաստանում ու Սփյուռքում իրականացվող ու նախատեսվող ծրագրերով։

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչներին, որ վարչապետի նախաձեռնությամբ ու հանրային-մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորված Ազգային մրցունակության խորհրդի ու հիմնադրամի միջև անհրաժեշտ է ստեղծել համագործակցության հնարավորություններ` մասնավորապես կրթական ծրագրերի իրականացման ոլորտում։ Այդ համատեքստում հյուրերին ներկայացվել են նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին տրամադրվող աջակցության ծրագիրը։

ՀՀ վարչապետը վերահաստատել է «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության շնորհակալ գործունեության նկատմամբ կառավարության բարձր գնահատականն ու շեշտել է մասնավորապես վերջին 18 տարիների ընթացքում նորանկախ Հայաստանին տրամադրված օժանդակության փաստը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ հիմնադրամի պատասխանատուների այցը նոր լիցք կհաղորդի փոխադարձ համագործակցության զարգացմանն ու հիմնադրամի հայանպաստ գործունեության շարունակականությանը։

Գալուստ Կյուլպենկյանը հայազգի խոշոր ձեռնարկատեր է, 20-րդ դարի կեսերի խոշոր նավթային մագնատ: -0-