Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում». Նեգրեդո

12.10.2009, 15:15
Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում». Նեգրեդո

«Ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ այնպիսի ակումբում, ինչպիսին Մադրիդի «Ռեալն» է», - հայտարարել է Իսպանիայի հավաքականի և «Սևիլյա» ակումբի հարձակվող Ալվարո Նեգրեդոն Հայաստան-Իսպանիա ընտրական հանդիպումից հետո «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Սակայն նա միանգամից ավելացրեց, որ այժմ իր մտքերը կապված են միայն Սևիլյայի հետ:

Նեգրեդոն, ով «Ռեալ» ֆուտբոլային դպրոցի ներկայացուցիչ է, նշեց, որ «Ռեալի» հետ վերջին փուլի հանդիպման ժամանակ, որը 2-1 հաշվով ավարտվեց «Սևիլյայի» հաղթանակով, իրեն համակել էին ամենատարբեր զգացմունքները, սակայն ամենագլխավորը հաղթանակի զգացմունքն էր:

Նեգրեդոյի խոսքերով՝ ինքն արդեն լիովին հարմարվել է ակումբում: Նա նաև նշեց, որ Սևիլյան հիասքանչ քաղաք է, այնտեղ հիանալի երկրպագուներ կան:

Երևանում շաբաթ օրը կայացած Հայաստան-Իսպանիա (հանդիպումը ավարտվեց իսպանացիների հաղթանակով՝ 2-1) հանդիպման կապակցությամբ Նեգրեդոն նշեց, որ դժվար խաղ էր՝ հատկապես հաշվի առնելով եղանակը:

«Զարմացրեց հայերի նման դիմադրությունը, ինչը շատ բարդացրեց խաղը», - ասաց նա:

Ինչ վերաբերում է այս հանդիպման ժամանական հայկական հավաքականի ցուցադրած խաղի որակին՝ ապա Նեգրեդոյի խոսքերով՝ «Հայաստանը շատ լավ պաշտպանվում էր, սակայն հարձակման մեջ շատ սահմանափակ էր, ինչը շատ էր հեշտացնում իսպանացիների պաշտպանությունը»:-0-