Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի առնչությամբ հանրաքվեն Հայաստանին կզրկեր ճկունությունից

09.10.2009, 18:51
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի առնչությամբ հանրաքվեն Հայաստանին կզրկեր ճկունությունից

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեբմերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի առնչությամբ հանրաքվեն Հայաստանին կզրկեր ճկունությունից Թուրքիայի հետ բանակցություններում, կարծում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Հանրաքվեի դրած հարցը հետո իրավիճակի փոփոխության դեպքում ավելի դժվար է վերանայել:  Քանի մենք նոր ենք փորձում առաջ գնալ, ինչո՞ւ զրկվել ճկունությունից»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։  Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին: –0—