Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպում կունենան Մոլդովայում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոլդովա կատարած այցի ընթացքում եռակողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան։
Միաժամանակ, ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց նախագահի աշխատակազմի աղբյուրը, «որևէ ցատկ այդ հանդիպումից չի սպասվում, դա հերթական քայլն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։
Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում հուլիսի 18-ին: Երեք երկրի նախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ճանապարհները:--0--