Հայաստանի ավելի քան 10 քաղաքական ուժեր միացել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը դեմ հայտարարությանը

06.10.2009, 19:43
Հայաստանի ավելի քան 10 քաղաքական ուժեր միացել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը դեմ հայտարարությանը

Հայաստանի ավելի քան 10 քաղաքական ուժեր երեքշաբթի միացել են ՀՅԴ-ի նախաձեռնած հայտարարությանը՝ պահանջելով չստորագրել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման արձանագրությունները: 

«Արձանագրությունները չպետք է ստորագրվեն ներկայիս տեսքով: Անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, որոնք կչեզոքացնեն դրանցում առկա վտանգավոր դրույթները»,- նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:  Փաստաթղթում նշվում է, որ հաստատումն այն մասին, որ արձանագրությունները թուրքական կողմի նախապայմանները չեն պարունակում, ուղղված են մեր ժողովրդի զգոնությունը թուլացնելուն:  

Հայտարարության համաձայն` արձանագրություններով փաստացիորեն ընդունվում է Թուրքիայի հիմնական նախապայմաններից մեկը՝ Հայաստանի ներկայիս սահմանների ճանաչումը: Կուսակցության ներկայացուցիչների մոտ մտահոգություն  առաջացնող հաջորդ կետը վերաբերում է պատմական հարթության վրա քննարկումներ իրականացնող ենթահանձնաժողով ստեղծելուն: «Տվյալ դրույթը փաստորեն խոչընդոտում է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման գործընթացին և պատմական արդարության վերականգնմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների ժամանակային առումով փաստացի փոխպայմանավորումը, տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրմանը զուգահեռ ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման պարտավորության բացակայությունը լայն ճանապարհ են հարթում վերոնշյալ գործընթացների փոխկապակցման և դրանց հանգուցալուծման գործում Թուրքիայի դերակատարության մեծացման համար: Այսպիսով` Թուրքիան հնարավորություն է ձեռք բերում հասնելու իր հաջորդ նախապայմանի բավարարմանը` պահանջելով Հայաստանից և միջնորդներից իրեն ձեռնտու զարգացումներ ապահովել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասվում է ուղերձում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ միակողմանիորեն փակելով սահմանները և այն բացելու երկկողմ որոշում արձանագրելով` Թուրքիան սահմանների մինչ օրս փակ լինելու պատասխանատվությունը, փաստորեն, կիսում է Հայաստանի հետ:

ՀՅԴ-ից բացի հայտարարության տակ, մասնավորապես, ստորագրել են նաև Ժողովրդական կուսակցությունը, ՀՌԱԿ, «Նոր Ժամանակներ», «Ժառանգություն», «Գոյամարտ», «Մայր Հայրենիք», ՀԱՍԿ, «Միավորված Հայեր», «Ազգային միասնության Ուխտ», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, Արիական Միաբանությունը:

«Արդեն 13 կուսակցություն է միացել ՀՅԴ հայտարարությանը, սակայն, հաշվի առնելով, որ փաստաթուղքը բաց է ստորագրման համար, այդ թիվը կարող է աճել: Չնայած առաջադրված խնդրի լուծման մոտեցումներում որոշ տարաձայնություններին` սկսած ավելի զուսպ դիրքորոշումից, մինչև ավելի արմատականը` վերջնական արդյունքում մեզ բոլորիս միավորում է այս հայտարարությունը և արձանագրությունները ստորագրումը թույլ չտալու ձգտումը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ եթե անգամ արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվեն, ՀՅԴ-ն չի դադարի պայքարել արձանագրությունների հետագա վավերացման դեմ խորհրդարանում:

Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով` Դաշնակցության և հայտարարությանը միացած բոլոր կուսակցությունների խնդիրն է ամեն կերպ խոչընդոտել արձանագրությունների իրավական ուժ ստանալուն:    

«Հարկ է գիտակցել, որ սա իշխանության պայքար չէ: Անկախ քաղաքական նկատառումներից` մեզ միավորում է մեկ միասնական բարձր նպատակ՝ թույլ չտալ Հայաստանի շահերին հակասող արձանագրությունների ստորագրումը»,- ասաց Ռուստամյանը: -0-