ՀՀ նախագահի հանդիպումները սփյուռքի հետ կարևոր են` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրադարձությունների զարգացման սցենարների քննարկման համար. Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները սփյուռքի հետ համահայկական շրջայցի շրջանակներում կարևոր են` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարների քննարկման տեսակետից, լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:
«Արձանագրությունները երկար գործընթաց են նախատեսում: Այդ գործընթացն իր մեջ ներառում է բանակցությունների փուլեր, որոնք հիմնականում ավարտված են, ինչպես նաև ստորագրման, վավերացման ու իրականացման փուլեր: Եթե նախաստորագրված փաստաթղթերի փոփոխությունը նախատեսում է կողմերից երկուսի համատեղ ջանքերը, ապա տվյալ փուլում խոսքը դրանց փոփոխության մասին չէ, այն հնարավոր զարգացման սցենարների մասին է ստորագրման, վավերացման և իրականացման դեպքում: Այս տեսակետից քննարկումները շատ կարևոր են»,- ասաց Սարգսյանը:
Մեկնաբանելով հնչած խոսքերն այն մասին, որ հաշվի առնելով արձանագրությունների նախաստորագրումը` այդ հանդիպումները ուշացած են, Սարգսյանը նշեց, որ արձանագրությունների հարցով բանակցությունները, դրանց ստորագրումը, վավերացումն ու իրականացումը երկար գործընթաց է, և այդ քննարկումները կարևոր են հասկանալու համար, թե ինչ արձագանք կարող է լինել, ինչ մոտեցումներ կարող են ձեռնարկվել յուրաքանչյուր դեպքում:
Սարգսյանը հավելեց նաև, որ հանդիպումները կազմակերպելիս արվել է ամեն բան, որ դրանց մասնակցեն բոլոր շահագրգիռ կառույցներն ու բոլոր այն երկրների ներկայացուցիչները, որտեղ կա հայկական սփյուռք, որպեսզի նրանք բոլորն արտահայտեն իրենց կարծիքը:
Նրա խոսքով` հանդիպումների ձևաչափը բավականին ներկայացուցչական էր, և քննարկումների ընթացքում հնչել են բոլոր կարծիքները, իսկ որոշները նույնիսկ մի քանի անգամ: --0--