Հայաստանն այս փուլում հասել է առավելագույնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այս փուլում հասել է առավելագույնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մեկնարկած Համահայկական շրջայցի շրջանակներում Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, իր խոսքում նախագահը նաև անդրադարձել է է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին:
ՀՀ նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որևէ նախապայմանի:
Միաժամանակ նա անդրադարձել է նաև այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ-թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ անցյալ օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը, քանզի բոլորի համար ակնհայտ է, թե ինչպիսի մեծ մարտահրավերներ են պարունակում չկարգավորված խնդիրները ժողովուրդների անվտանգության, խաղաղ ու բարգավաճ ապագայի համար:
ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաև տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը և փոխվստահության մթնոլորտի մեծացմանը:
Հոկտեմբերի սկզբին ՀՀ նախագահը սկսեց իր մեկշաբաթյա համահայկական շրջայցը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ սփյուռքի կարծիքին և մոտեցումներին ծանոթանալու համար:
Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահն այցելել է Փարիզ: Շաբաթ օրը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որտեղ հանդիպել է Կանադայի և ԱՄՆ-ի Արևելյան ափի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ: Ծրագրված են նաև ՀՀ նախագահի այցելությունները Լոս-Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով:
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:-0-