ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի նկատմամբ Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի մասին մտավախություններն անհիմն են, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մեկնարկած Համահայկական շրջայցի շրջանակներում Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը հայտարարել է, որ Հայաստանն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:
Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մեզանում մինչև վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները՝ ՀՀ նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց և նկատել, որ մեր շատ հայրենակիցների մոտ` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաև մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ:
«Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչև վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության և ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ ևս չկային բոլոր հաշվարկներն, ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»,-նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:-0-