Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հուսով է, որ տարբեր երկրների հայկական համայնքները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում սթափ դիրքորոշում կունենան:
Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ:
ԶԼՄ-ների տեղեկատվությունների համաձայն՝ Ազնավուրը ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած համահայկական շրջայցը՝ Սփյուռքի ներկայացուցիչների հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկելու նպատակով: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Փարիզում:
«Հուսով եմ, որ այլ երկրների հայկական համայնքները ևս կունենան նույն մոտեցումը, ինչ Ֆրանսիայի հայկական համայնքը, այսինքն՝ հանգիստ, սթափ հայացք», - ասել է Ազնավուրը:
«Ես, իհարկե, ողջունում եմ այդ գործընթացը, ես հանգիստ մարդ եմ: Ակնկալում եմ այն, ինչ ֆրանսիացիներն անվանում են «Հայոց ցեղասպանության ճանաչում»», - ասել է աշխարհահռչակ շանսոնյեն:
Ազնավուրը նշել է, որ նա որևէ բան չունի թուրք ժողովրդի դեմ, և ինքը կարող է թուրք ժողովրդի բարեկամը լինել, «սակայն ջարդի խնդիրը շատ կարևոր է»:
Փարիզից հետո ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Լոս-Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով, որտեղ սփյուռքի ներկայացուցիչների հետ կքննարկի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ --0—