Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը պոտենցիալ դոնորների ներգրավման նպատակով համերգ է կազմակերպում Երևանում

02.10.2009, 16:53
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը պոտենցիալ դոնորների ներգրավման նպատակով համերգ է կազմակերպում Երևանում
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը պոտենցիալ դոնորների ներգրավման նպատակով համերգ է կազմակերպում Երևանում

«Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 3-ին Երևանի Սիրահարների այգում կազմակերպում է «Եղիր հրեշտակ, փրկիր մեկ կյանք» խորագրով համերգը, հայտարարեց Մշակույթի զարգացման հիմնադրամի ծրագրի տնօրեն, «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Սամվել Մեսրոպյանը։

«Համերգի ընթացքում այգու տարածքում կգործի արյան ընդունման կետ՝ դոնոր դառնալ ցանկացողների համար։ Այդ կետում ցանկացողը կարող է գրանցվել դոնորական ռեեստրում»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մեսրոպյանը։

Բացի այդ, նրա խոսքերով, համերգի ընթացքում համապատասխան պարզաբանումներ կտրվեն դոնորական հյուսվածքների հանձնման ընթացակարգի և հետագայում դրանք պոտենցիալ ռեցիպիենտներին փոխպատվաստելու վերաբերյալ։

Մեսրոպյանը նշեց, որ համերգը բազմաժանր է լինելու, կհնչի ջազային, դասական և փոփ-երաժշտություն։

«Մենք ակնկալում ենք, որ համերգի ընթացքում դոնորների մեծ թիվ կգրանցվի։ Համերգի միջոցով մենք նաև ջերմ մթնոլորտ ենք ցանկանում ստեղծել այգու այցելուների համար»,- նշեց Մեսրոպյանը՝ տեղեկացնելով, որ նմանատիպ միջոցառում միաժամանակ կանցկացվի ԱՄՆ-ում և Թեհրանում։

Մեսրոպյանը ցանկություն հայտնեց, որ այն ուշադրությունը, որով մշակույթի գործիչները վերաբերվում են ոսկրածուծի փոխպատվաստման խնդրին, դրսևորեին նաև բիզնես-ոլորտի ներկայացուցիչները։

Իր հերթին  «Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ջազմեն Լևոն Մալխասյանը նշեց, որ արդեն մի քանի անգամ անցկացրել է նմանատիպ ակցիաներ, որոնց նպատակը դոնորների թվի ավելացմանը նպաստելն է։

Ներկայում ԱՊՀ տարածքում իր տեսակի մեջ միակ «Ոսկրածուծի հայկական ռեեստրում» գրանցված է 15 հազար դոնոր։ 

«Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը հիմնվել է Հայաստանում 1999 թվականի հունիսին։ Ռեեստրի նպատակը ոսկրածուծի համապատասխան դոնորների որոնումն է սպիտակարյունությամբ տառապող հիվանդների և արյան այլ հիվանդություններով տառապողների համար Հայաստանում և Սփյուռքում։

Հայկական ռեեստրը համագործակցում է աշխարհի այլ գործող ռեեստրների հետ հայերի համար փոխպատվաստուկների համընկնման պոտենցիալը մեծացնելու նպատակով՝ աջակցելով Հայաստանում փոխպատվաստման զարգացմանը և ցողունային բջիջների հավաքագրման և փոխպատվաստման կենտրոնի բացմանը։

Հայկականն ռեեստրը Ոսկրածուծի դոնորների միջազգային  կազմակերպության (BMDW) անդամ է։ -0-