ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը մշտապես կողմ է Անդրկովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը, ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում բացված «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված ուղերձում: Համաժողովը կազմակերպել են «ՌԻԱ Նովոստին» և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը։
«Տարբեր, այդ թվում նաև աշխարհաքաղաքական բնույթի գործոնների ազդեցության ներքո կովկասյան տարածաշրջանը դարձել է միջազգային քաղաքականության «նյարդային հանգույցներից» մեկը», - նշում է Լավրովը:
Նախարարի կարծիքով՝ այս բարդ գործընթացները պահանջում են բազմակողմանի քննարկումներ՝ գիտական հանրության, քաղաքացիական ինստիտուտների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Համոզված եմ, որ վերջիվերջո դարեր շարունակ կողք-կողքի բնակվող Կովկասի ժողովուրդները կկարողանան հաղթահարել փոխադարձ տարաձայնություններն ու տարածաշրջանը դարձնել խաղաղության և բարգավաճման գոտի», - ասել է Լավրովը:
Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալության և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կազմակերպած համաժողովը կնպաստի այդ հարցի առաջխաղացմանը:
«Ռուսաստանն իր կողմից մշտապես կողմ է Անդրկովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի, բարիդրացիական հարաբերությունների և հանդուրժողականության ձևավորմանը», - ասվում է Լավրովի ուղերձում:
«ՌԻԱ Նովոստիի» և Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Անվտանգությունը Հարավային Կովկասում. տարածաշրջանի ժողովուրդների շահերի իրացումը» թեմայով միջազգային գիտապրակտիկ համաժողովը ուրբաթ մեկնարկել է Երևանում:
Սա թվով չորրորդ ամենամյա միջազգային համաժողովն է, որը կազմակերպում է «ՌԻԱ Նովոստին»՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի լրագրողական և փորձագիտական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև հայտնի ռուս գիտնականների, տնտեսագետների, քաղաքագետների, առաջատար բուհերի, տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների ղեկավարների մասնակությամբ: Համաժողովը Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ «ՌԻԱ Նովոստիի» տեղեկատվական համագործակցության գաղափարների առաջխաղացմանն ուղղված մի շարք միջոցառումների շարունակությունն է:-0-