Հայաստանը գոհ է Իրանի հետ հարաբերությունների մակարդակից. խորհրդարանի ղեկավար
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ընթացքում իր գոհունակությունը հայտնեց հայ-իրանական ջերմ հարաբերությունների ու առարկայական համագործակցության զարգացման առթիվ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց երկու երկրների խորհրդարանների դերը համագործակցությունը ընդլայնելու ու ամրապնդելու գործում:
Հանդիպման ընթացքում Աբրահամյանը Իրանի ղեկավարին փոխանցեց Հայաստանի նախագահի ջերմ ողջույնները։
Զրուցակիցները նաև քննարկեցին ս.թ. ապրիլին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը։
Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին:
Կողմերն անդրադարձան դրանց իրագործման ուղղությամբ կատարվելիք քայլերին: Նրանք նաև հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելեց իրանական խորհրդարան, որտեղ ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների նախագահներ Հովիկ Աբրահամյանը և Ալի Լարիջանին ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր: -0-