Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել մանդատներից

29.09.2009, 17:58
Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը հրաժարվել մանդատներից

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կոչ է անում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը՝ «Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցություններին, հրաժարվել մանդատներից։

««Ժառանգություն» և «Դաշնակցություն» կուսակցությունների կողմից մանդատներից հրաժարվելը կարող է լուրջ նախադրյալ հանդիսանալ երկրում իրավիճակի փոփոխության առումով և քաղաքական ճգնաժամ ստեղծել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Ըստ նրա՝ «Դաշնակցություն» և «Ժառանգություն» կուսակցությունների պայքարի ներկայիս մեթոդներն այնքան էլ արդյունավետ չեն։ Այդ կապակցությամբ նա «երեխայություն» անվանեց «Դաշնակցության»  բողոքի ակցիաներն ու «Ժառանգության» գործողությունները։

ՍԵպտեմբերի 15-ից Դաշնակցությունը Երևանում նստացույց և հացադուլ է անցկացնում ՝ հանդես գալով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ։ Բողոքի ակցիայի շրջանակներում կազմակերպվել է ստորագրահավաք բնակչության շրջանում՝ արձանագրությունների ստորագրման դեմ։ Իր կողմից «Ժառանգություն» կուսակցությունը տարբեր ատյաններ է դիմում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ լսումներ կազմակերպելու նպատակով։
 
Զուրաբյանը նշեց, որ չնայած ինքը ծայրահեղ միջոցների կողմնակից չէ, տվյալ դեպքում, երբ խաղասեղանին են ազգային շահերը, հրաժարվելով մանդատներից՝ ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ուժեղ հարված կարող են հասցնել գործող ռեժիմին։

«Ընդդիմադիր քաղաքական ուժերի բացակայությունը խորհրդարանում անպայման կգրավի միջազգային հանրության ուշադրությունը և բեկում կառաջացնի քաղաքական գործընթացում»,- ասաց նա։  

Միաժամանակ Զուրաբյանը հաստատեց, որ ՀԱԿ դիրքորոշումը հայ-թուրքական երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների նկատմամբ անփոփոխ է մնում։ Կոնգրեսը դրանք հակասող է համարում Հայաստանի ազգային շահերին։ --0--