ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների ստորագրման երկարաձգման դեպքում երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացը կարող է տապալվել, կարծում է Կայունության եվրոպական նախաձեռնության (ESI) առաջատար վերլուծաբան, Turkish Policy Quarterly (TPQ) ամսագրի խմբագիր Նիգար Գոկսելը։
«Եթե ստորագրման հետ կապված հարցը երկարաձգվի ևս 4-5 ամսով և չլուծվի, կարելի է ասել, որ մենք կկորցնենք իրավիճակը շտկելու շատ լավ հնարավորություն»,- երկուշաբթի «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. հարաբերությունների բարելավման հեռանկարները եվրաինտեգրման լույսի ներքո» համաժողովի ընթացքում ասաց Գոկսելը։
Նա ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի լուծումը Թուրքիայի խորհրդարանում կախված կլինի ղարաբաղյան հարցում առաջխաղացումներից։
«Իմ կարծիքով՝ Թուրքիայում որոշումներ ընդունող մարդիկ կսպասեն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման նշաններին։ Չեմ ցանկանում ասել, թե արձանագրությունների ստորագրումը անպայման կախված կլինի ղարաբաղյան խնդրի լուծումից, բայց այն կախված կլինի մթնոլորտում դրական փոփոխություններից (ղարաբաղյան կարգավորման շուրջ)»,- նշեց նա։
Գոկսելի խոսքերով՝ Թուրքիայում խորապես համոզված են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հարցի լուծումը, առանց ղարաբաղյան հարցի լուծման, մեծ օգուտ չի բերի։
Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին հայտնի քաղաքագետներ և քաղաքական գործիչներ Հայաստանից և Թուրքիայից, ինչպես նաև Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնավորապես, Հայաստանում ԵՄ, Իտալիայի, Լիտվայի, Բուլղարիայի և Վրաստանի դեսպանները։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել է իր հայ գործընկերոջ Թուրքիա ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-